ԲՀԿ-ն ունի մամլո նոր խոսնակ՝ պատգամավոր Վահան Բաբայանը, և որոնում է նոր գրասենյակի համար տարածք։ «Դա, բնական է, պետք է լիներ։ Այս պահին տեղափոխման գործընթաց է տեղի ունենում, ես տեղեկատվության չեմ տիրապետում՝ կոնկրետ որտեղ, հիմա ինչքան գիտեմ նոր տարածքի խնդիր է դրված»,- ասել է Վահան Բաբայանը։ ԲՀԿ-ից դուրս գալու հայտարարություններ են տարածել ԱԺ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանն ու Բազմասեր Առաքելյանը: ԲՀԿ-ի նախկին մամուլի խոսնակ Տիգրան ՈՒրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել բոլոր լրագրողներին համագործակցության համար։ «Իսկ կուսակցությունից դո՞ւրս է եկել, թե՞ ոչ» հարցին, Բաբայանը պատասխանեց, թե ՈՒրիխանյանից դիմում չեն ստացել։
Կուսակցությունում իր անդամակցությունը կասեցնելու դիմում է ներկայացրել Օլիմպիական կոմիտեում Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նա նաև կուսակցության քաղխորհրդի անդամ էր։ Տոնոյանը մտադիր է մնալ Ծառուկյանի խոսնակը։ ԲՀԿ-ից հեռանալու դիմումներ են ներկայացրել Նոր Հաճնի և Բյուրեղավանի քաղաքապետերը՝ Գագիկ Մաթևոսյանը և Հակոբ Բալասյանը։ Բացատրությունը ԲՀԿ-ի վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն ու կուսակցության վերակազմավորումն է։ Նրանք չեն հրաժարվում Նոր Հաճնի և Բյուրեղավանի քաղաքապետի պաշտոններից։
ԲՀԿ-ից հեռացողների շարքերում է նաև Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը։ ԲՀԿ-ն, Բաբայանի հավաստմամբ, չի քննադատում նախկին կուսակիցներին։ «Այս պահին պատգամավորներից մենք դիմումներ չունենք, եթե կլինեն, կտեղեկացնենք։ Ինչ վերաբերում է քաղաքապետերին, գյուղապետերին կամ շարքային անդամներին, դա բնական պրոցես է, տեղի ունեցավ մի իրադարձություն, որից հետո հստակ պետք է տարանջատել այն մարդկանց, ովքեր չեն ուզում լինել ընդդիմությունում, կամ գուցե չեն ընդունում այն կուրսը, որը մենք ենք հռչակում։ Մարդիկ կային, որ պարոն Ծառուկյանի հետ որոշեցին էլ չզբաղվել քաղաքականությամբ։ Ես հարգանքով եմ մոտենում բոլորի դիրքորոշումներին»,- ասել է կուսակցության մամուլի խոսնակը։